Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Սոֆիայի ամենամյա բարեգործական տոնավաճառին

02 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 2-ին Սոֆիայի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում կայացավ 24-րդ ամենամյա դիվանագիտական բարեգործական տոնավաճառը (Charity Bazaar)։ Տոնավաճառին մասնակցում էին Բուլղարիայում հավատարմագրված ավելի քան 60 դիվանագիտական ներկայացուցչություններ, միջազգային և բարեգործական կազմակերպություններ, որոնք ներկայացրին իրենց ազգային արվեստն ու երաժշտությունը, մշակույթն ու ավանդույթները, երգն ու պարը: Առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում ազգային խոհանոցի բազմատեսակ ավանդական ուտեստներն ու ճաշատեսակները:

Տոնավաճառին մասնակցեց Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը: Հայկական տաղավարը հագեցած էր բազմազան հուշանվերներով, կիրառական արվեստի նմուշներով, հայկական կոնյակի, գինու և օղու տեսականիով, հանքային ջրով: Բուլղարիայի հայազգի բազմաթիվ ձեռներեցներ ու անհատներ տրամադրել էին իրենց արտադրած լավաշը, դոլման, գաթան, թխվածքներն ու ուտեստները: Մեծ պահանջարկ ունեցավ տաղավարում ցուցադրված էր Հայաստանից ներմուծված բնական կոսմետիկան՝ պատրաստված հայկական ավանդական բաղադրատոմսերով ծիրանի և մեղրի էկոլոգիապես մաքուր հումքից:

Ցուցահանդեսային կենտրոնի բեմահարթակում կազմակերպված գալա-համերգին հայ արվեստը ներկայացրեց Սոֆիայի «Նաիրի» պարային համույթը:

Օրվա ընթացքում Հայաստանի տաղավար այցելեցին բազմաթիվ քաղաքացիներ, որոնց թվում էին Բուլղարիայի պետական գործիչներ և հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Սոֆիայի և հարակից շրջանների բազմաթիվ բնակիչներ, արտասահմանյան հյուրեր: Այցելուներին ողջունում և հայկական ապրանքները ներկայացնում էին դեսպան Արմեն Սարգսյանը, Հայաստանի դեսպանության ողջ անձնակազմը, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչները:

Հայաստանի տաղավարի ձևավորման, հայկական ապրանքներ տրամադրելու և իրացնելու գործում իրենց անմիջական ակտիվ մասնակցությունը բերեցին Բուլղարիայի հայ համայնքային կառույցները և բազմաթիվ անհատ հայեր:

Տպել էջը