Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

04 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլլիսթերի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի և Եվրոպական Միության հարաբերությունների օրակարգային հարցերին՝ ընդգծելով, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանի և Եվրոպական Միության միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության առավել խորացման համար:

Անդրադառնալով Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ ձեռնարկող քայլերը՝ որպես կարևոր հանգրվան ընդգծելով ժողովրդի կամքն արտահայտող և միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների լայն շրջանակի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

 

Տպել էջը