Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված ձեռնարկ Պրահայում

06 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 6-ին Չեխիայի մայրաքաղաքի BIO OKO կինոթատրոնում չեխական՝ «Մարդը կարիքի մեջ» բարեգործական կազմակերպությունը Չեխիայում ՀՀ դեսպանության օժանդակությամբ կազմակերպվեց Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին և Հայաստանում գործունեության 15-ամյակին նվիրված ձեռնարկ։

Միջոցառումը մեկնարկեց ավերիչ երկրաշարժի մասին պատմող չեխ ռեժիսոր Միլան Մարիշկայի և օպերատոր Պետր Վոլֆի «Արարատի ստորոտում երկիրը» վավերագրական ֆիլմի ցուցադրությամբ։ Այնուհետև կայացավ քննարկում, որին մասնակցեցին Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր, հայ ժողովրդի բարեկամ Յարոմիր Շտետինան, «Մարդը կարիքի մեջ» բարեգործական կազմակերպության գլխավոր տնօրեն Շիմոն Պանեկը, կազմակեպության՝ Բալկանների, Հայաստանի և Վրաստանի ծրագրերի տնօրեն Վլադիսլավ Վիկը և Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։

Յարոմիր Շտետինան և Շիմոն Պանեկը, ովքեր «Մարդը կարիքի մեջ»-ի համահիմնադիրներն են, պատմեցին, թե ինչպես է ստեղծվել կազմակերպությունը։ Դրա հիմք է հանդիսացել Հայաստանի աղետյալներին աջակցելու նպատակով կազմավորված հիմնադրամը, որ ավելի քան 50 տոննա օգնության բեռ է հավաքել և հասցրել երկրաշարժի գոտի։ Հանգանակված միջոցներով Սպիտակում կառուցվել է միջնակարգ դպրոց, որ այժմ կրում է Անանիա Շիրակացու անունը։

Դեսպան Սեյրանյանը մոդերատորի խնդրանքով պատմեց Սպիտակի երկրաշարժի՝ իր սեփական փորձառության, փրկարարական աշխատանքներին մասնակցելու մասին։ Այնուհետև հայ դիվանագետն անուն առ անուն հիշատակեց և շնորհակալություն հայտնեց իրեն հայտնի այն չեխերին ու սլովակներին, Չեխիայիհայ համայնքի ներկայացուցիչներին, չեխոսլովակյան կազմակերպություններին, ովքեր աղետից անմիջապես հետո օգնության ձեռք մեկնեցին Հայաստանին։ Դեսպանը նշեց, որ չեխերի և սլովակների միջոցներով աղետի գոտում նաև երկրորդ դպրոցն էր կառուցվել՝ Գուգարք գյուղում։

Այնուհետև քննարկվեցին մարդասիրական օգնությանն ու զարգացման գործակցությանը վերաբերող հարցեր։ «Մարդը կարիքի մեջ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ ավելի արդյունավետ է օգնության համար գումար հավաքել դոնոր երկրներում և անհրաժեշտ առարկաները ձեռք բերել աղետյալ վայրում տեղի արտադրությունը խթանելու նպատակով։ Այսօր Սպիտակի երկրաշարժի տուժյալներին օգնություն հասցնելու առիթով ստեղծված կազմակերպությունը բարեգործական գործունեություն է ծավալել ավելի քան 25 երկրներում: Հայաստանի դեսպանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժի գոտու բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու անհրաժեշտություն վաղուց չկա։ Թեպետ դրա հետևանքները 30 տարի անց ամբողջությամբ վերացված չեն, ավելի նպատակահարմար է աշխատատեղեր ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանքի միջոցով բարելավել կյանքը։ Զարգացման համագործակցության ծրագրերի տնօրեն Վլադիսլավ Վիկը ներկայացրեց կազմակերպության ծրագրերը Հայաստանում, այն է. Շիրակի մարզում բրդի հավաքման և մշակման ողջ ցիկլի ապահովումը և Սյունիքում զբոսաշրջային արահետների բարեկարգումը։ Ակնկալվում է, որ նշյալ ծրագրերն աշխատանքով կապահովեն տասնյակ հայաստանցիների։

Դեսպան Սեյրանյանը գոհունակությամբ նշեց, որ ՀՀ-ում թավշյա հեղափոխության հաղթանակից հետո չեխական կազմակերպությունը որոշում է կայացրել ընդլայնել հայաստանյան գրասենյակը։

Քննարկման ավարտին եվրապատգամավոր Յարոմիր Շտետինան անդրադարձավ ղարաբաղյան հիմնահարցին, նշելով, որ եկել է միջազգային հանրության կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ժամանակը։

Ձեռնարկին ներկա էին ոչ միայն բազմաթիվ չեխահայեր, այլև տեղի լայն հասարակայնության ներկայացուցիչներ։

 

Տպել էջը