Սոչիում ՀՀ հյուպատոսը մասնակցեց Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին

06 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 6-ին Սոչիի Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ համերգ «Երգիր իմ հոգի, դուդուկ» խորագրով՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին:

Համերգի ընթացքում հնչեց Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ հայտնի հայ կոմպոզիտերների երաժշտություն: Ելույթ ունեցան հիմնականում սոչիաբնակ հայ երաժիշտներ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Սոչիում ՀՀ հյուպատոս Տիգրան Սարգսյանը, ով իր խոսքում ընդգծեց հայ ժողովրդի երախտագիտությունը Ռուսաստանի Դաշնության և նախկին ԽՍՀՄ այլ եղբայրական հանրապետությունների ու ժողովուրդների, միջազգային հանրության կողմից ցուցաբերած օժանդակության համար, որի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել երկրաշարժի ծանր հետևանքները:

Միջոցառմանը ներկա էին Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչներ, ռուս և հայ մշակույթի և հասարակական գործիչներ:

Դեկտեմբերի 7-ին Սոչիի Ադլերի շրջանի Սբ. Սարգիս եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին աղետի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակը:

Այնուհետև հյուպատոսը ծաղիկներ զետեղեց եկեղեցու տարածքում գտնվող 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:

Տպել էջը