Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բաթումում

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում, ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի մատուցմամբ տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն և ՀՀ գլխավոր հյուպատոսության, հայկական համայնքային կառույցների ու անհատների կողմից ծաղիկների խոնարհում զոհվածների հիշատակին՝ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ:

Ելույթի խոսքով հանդես եկան ՀԱԵ հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, ով, մասնավորապես, անդրադարձավ հետերկրաշարժյան փրկարարարական, վերականգնողական աշխատանքներում և օգնության հարցերում միջազգային հանրության կարևոր դերակատարությանը, ինչպես նաև՝ Վրաստանի բարեկամ ժողովրդի ներկայացուցիչների կատարած աշխատանքներին, որոնք առաջինների թվում օգնության հասան տուժած բնակչությանը: Նա խոսեց նաև երկրաշարժի հետևանքների իսպառ վերացմանն ուղղված աշխատանքներում ՀՀ իշխանությունների հաստատակամության մասին:

Միջոցառումների մասնակիցները այնուհետև տեղափոխվեցին ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ ցուցադրվեցին ֆիլմեր Սպիտակի երկրաշարժի, ինչպես նաև ներկայիս Գյումրի, Վանաձոր և Սպիտակ քաղաքների մասին։ Երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների դրվագներին անդրադարձան ՀՀ գլխավոր հյուպատոսը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ, վրացական ջոկատի կազմում վերականգնողական աշխատանքների մասնակից Սահակ Տալիթյանը, Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը:

 

Տպել էջը