Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Նյու Դելիում

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին Նյու Դելիի “Springdales School” դպրոցում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Նյու Դելիի հայ-հնդկական մշակութային կենտրոնի և վերոհիշյալ դպրոցի հետ համատեղ։

Նյու Դելիի “Springdales” դպրոցի աշակերտները աղետի օրերին քաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կազմակերպել էին դրամահավաք և հանգանակված գումարը փոխանցել երկրաշարժից տուժածներին։

Միջոցառմանը ներկա էին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ՀՀ դեսպանության աշխատակիցները, 2013-2016թթ. Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուն (Suresh Babu), “Springdales” դպրոցների ցանցի ղեկավարությունը, Դելիի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։

Միջոցառումը մեկնարկեց Շառլ Ազնավուրի “Pour toi Arménie” երգով։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին արհավիրքի զոհերին, որին հետևեց դպրոցի երգչախմբի կողմից “Moment of Peace” երգի կատարումը։ Ներկաներին ողջունեց և Հայաստանի անունից երախտիքի խոսք ուղղեց դեսպան Մարտիրոսյանը։ Աղետի օրերի վերաբերյալ իր հուշերը ներկայացրեց նաև Սուրեշ Բաբուն, ով, 1988թ. լինելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակից, անմիջական մասնակցություն է ունեցել Հնդկաստանից աղետի գոտի մարդասիրական օգնության առաքման աշխատանքներին։

Դպրոցի աշակերտության շրջանում Հայաստանի և հայկական մշակույթի վերաբերյալ իրազեկությունը բարձրացնելու նպատակով ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ, ինչպես նաև hայ-հնդկական մշակութային կենտրոնի ղեկավար Գայանե Մովսիսյանը ներկայացրեց հայ ժողովրդի որոշ պատմամշակութային արժեքների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ։ Ի նշան երախտագիտության՝ դեսպանությունը “Springdales” դպրոցին նվիրեց Հովհաննես Այվազովսկու «Նոյն իջնում է Արարատից» կտավի բարձրորակ պատճենը և Վիյամ Սարոյանի գրքերի հավաքածուն։

Միջոցառման ավարտին “Springdales” դպրոցի և Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի միջև կայացավ տեսակոնֆերանս։ Հայկական ճեմարանի սաները ևս իրենց երախտագիտությունը հայտնեցին հնդկական դպրոցին երեք տասնամյակ առաջ Հայաստանին ցուցաբերած օգնության համար։ Մտքեր փոխանակվեցին երկու կրթօջախների միջև կրթական համագործակցության հեռանկարի վերաբերյալ։ Հիշատակի միջոցառումը լուսաբանեցին Հնդկաստանի առաջատար լրատվամիջոցներ։

 

Տպել էջը