Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիլնյուսում

07 դեկտեմբերի, 2018

Դեկտեմբերի 7-ին Վիլնյուսի Սբ. Բերնարդինեի եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունն ու Կլայպեդայի հայ համայնքը: Միջոցառմանը ներկա էին Վիլնյուսում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի անդամներ, Լիտվայի գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, բազմաթիվ հայեր:

Միջոցառման սկզբում Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը և Սբ. Ֆրանցիսկոսի եկեղեցու հոգևոր հովիվ Ալգիրդաս Մալակաուսկիսը (Algirdas Malakauskis) հայերենով և լիտվերենով հնչեցրին հոգեհանգստյան աղոթք՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի երկրաշարժի նահատակների:

Ներկաներին ուղղված բացման խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ չնայած աղետալի երկրաշարժի պատճառած հսկայական վնասներին ու կորուստներին, հայ ազգը կարողացավ իր մեջ ուժ գտնել պայքարելու, ոտքի կանգնելու և վերածնվելու համար:

Դեսպանն իր շնորհակալությունը հայտնեց Լիտվայի կառավարությանն ու լիտվացի ժողովրդին առաջիններից մեկն աղետի գոտի օգնության հասնելու և Լիտվայում ժամանակավոր կեցության տեղափոխված շուրջ 1200 մեր հայրենակիցների կեցությունը հոգալու համար՝ առանձնահատուկ շեշտելով տեղի հայ համայնքի դերն օգնությունը կազմակերպելու գործում:

Եզրափակելով իր խոսքը՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի Հանրապետությունը, իր երախտագիտությունը հայտնելով Հայաստանին ուղղված Լիտվայի օգնությունը համակարգող այն ժամանակ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վիլիուս Կազանավիչյուսին (Vilius Antanas Kazanavičius) և փրկարարական և շինարարական աշխատանքների պատասխանատու Լիտվայի շինարարության նախարար Ադակրաս Շեշտաուսկասին (Adakras Šeštakauskas), նրանց շնորհեց Արտակարգ իրավիճակների նախարարության գերատեսչական պարգևներ: 

Միջոցառումը եզրափակվեց համերգային ծրագրով, որում Գյումրիից ժամանած երաժիշտները՝ Հայաստանի վաստակավոր արտիստ, դուդուկահար Գագիկ Մալխասյանի գլխավորությամբ, հանդես եկան դուդուկի անզուգական ծրագրով՝ կատարելով հայ և արտասահմանցի հռչակավոր հեղինակների ստեղծագործությունները:

Տեղեկանք: Վիլնյուսի Սբ. Բերնարդինեի եկեղեցին գոթական ճարտարապետական ոճով կառուցված Լիտվայի ամենահին և ամենագեղեցիկ կոթողներից մեկն է, որի կառուցումը սկսվել է XIV դարի վերջին:

 

Տպել էջը