ՖՄԿ-ում ՀՀ ներկայացուցչի և ՖՄԿ Գլխավոր քարտուղարի հանդիպումը
10 հունվարի, 2019Հունվարի 10-ին ՖՄԿ-ում կայացավ ՀՀ ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանի և ՖՄԿ Գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի (Louise Mushikiwabo) հանդիպումը:
Շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին Գլխավոր քարտուղարի պաշտոնի ստանձնման կապակցությամբ` ՀՀ ներկայացուցիչը վերահաստատեց Հայաստանի և անձամբ իր աջակցությունը նրա առաքելության իրականացման ընթացքում:
Լուիզ Մուշիկիվաբոն, իր գոհունակությունը հայտնելով հանդիպման կապակցությամբ, նշեց, որ այն իր առաջին պաշտոնական հանդիպումն է, ինչը նաև խորհրդանշական է: Գլխավոր քարտուղարն իր հիացմունքն արտահայտեց Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ՝ նշելով, որ ՀՀ իշխանությունների և հայ ժողովրդի բացառիկ ներդրման ու ջերմ ընդունելության, ՀՀ ներկայացուցչի անձնական նվիրումի շնորհիվ` Երևանի գագաթաժողովը պսակվեց մեծ հաջողությամբ: Այդ կապակցությամբ Գլխավոր քարտուղարը խնդրեց իր շնորհավորանքները փոխանցել նաև ՀՀ ԱԳ նախարարին և ՀՀ իշխանություններին:
Հանդիպման ժամանակ ՀՀ ներկայացուցիչն անդրադարձավ Հայաստանի և ՖՄԿ միջև համագործակցությանը, հատկապես` Երևանի Գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումների և Հայաստանի, որպես Գագաթաժողովի նախագահի, ստանձնած նախաձեռնությունների իրականացմանը: Ի պատասխան՝ Գլխավոր քարտուղարը հայտնեց Հայաստանի հետ համատեղ սերտորեն աշխատելու իր պատրաստակամությունը` վերոնշյալ որոշումների և նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև՝ ՖՄԿ 50-ամյակի միջոցառումը Հայաստանի հետ համատեղ կազմակերպման համար: