Հայկական խոհանոցին նվիրված գրքի շնորհանդես ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում

11 հունվարի, 2019

Հունվարի 11-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ գերմանահայ գրող Զարա Սաֆարյանի «Ճաշակելու ցանկություն – Հայաստանի խոհարարական արվեստ – աչքի և քիմքի համար» գրքի շնորհանդեսը: «Casanomade» հրատարակչության կողմից լույս տեսած գերմանալեզու այս գիրքը պատմում է հայկական հարուստ խոհանոցի մասին՝ համեմված Հայաստանում իրականացված ճամփորդությունից հետաքրքիր պատմություններով: Այս առումով Հայաստանի մասին գերմանալեզու գրականության մեջ սա առաջին նմանօրինակ հրապարակումն է:

Բացման խոսքով հյուրերին ողջունեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Հրատարակչության անունից ողջույնի խոսքով հանդես եկավ գերմանացի հայտնի հրապարակախոս Մաթիաս Մյուլեր-Լենդրոթը (Dr. Matthias Müller-Lendrodt):

Երեկոյին ներկա էին Գերմանիայի քաղաքական և մշակութային գործիչներ, լրագրողներ, գերմանական տարբեր հրատարակչությունների, գերմանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ընթերցումներն ուղեկցվեցին դաշնակահարուհի Կարինե Գիլանյանի կողմից Կոմիտասի և Բրամսի ստեղծագործությունների կատարումներով, որից հետո կայացավ ընդունելություն՝ գրքում ներկայացված բաղադրատոմսերով պատրաստված հայկական ավանդական կերակրատեսակներով:

Տպել էջը