Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ
17 հունվարի, 2019Հունվարի 17-ին Փարիզում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյին։
Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորեց Լուիզ Մուշիկիվաբոյին Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատեց Հայաստանի լիակատար աջակցությունն՝ իր մանդատը և իր կողմից սահմանված հստակ առաջնահերթությունները կյանքի կոչելու գործում՝ ուղղված Ֆրանկոֆոնիայի միջազգաին կազմակերպության՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված կարևորագույն հարթակի առավել զարգացմանը։
Զրուցակիցները բարձր գնահատեցին Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի անցկացումը ինչպես բովանդակային, այնպես էլ՝ կազմակերպչական և ներկայացուցչական առումով։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը համակարծիք էին, որ գագաթաժողովի շրջանակներում կայացված որոշումները և ձեռք բերված պայմանավորվածությունները լավ նախադրյալներ են ստեղծել ֆրանկոֆոն տարածաշրջանում տարբեր ոլորտներում համագործակցության առավել խորացման համար:
Հանդիպման ընթացքում նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Լուիզ Մուշիկիվաբոյին ներկայացրեց ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջիկա ծրագրերը՝ դրանց կյանքի կոչման գործում ակնկալելով ՖՄԿ քարտուղարության հետ սերտ համագործակցությունը։ Որպես գերակա ուղղություն ընդգծվեց ֆրանկոֆոն տարածաշրջանի պետությունների միջև առևտրատնտեսական բաղադրիչի խթանումը, սմարթ զարգացման և թվային օրակարգի առաջմղումը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ որպես ՖՄԿ գագաթաժողովի նախագահող երկիր Հայաստանը շարունակելու է ակտիվորեն քայլեր ձեռնարկել կազմակերպության առջև դրված խնդիրների լուծման, միջազգային ասպարեզում նրա դիրքի և հեղինակության բարձրացման ուղղությամբ՝ այդ թվում այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացման միջոցով, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը: Այս համատեքստում որպես կարևոր ուղղություն երկուստեք առանձնացվեց նաև երկխոսության խթանումը Աֆրիկյան Միության հետ։