Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրենի հանդիպումը

23 հունվարի, 2019

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Լատվիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն Յանիս Մաժեյկսին (Jānis Mažeiks):

Հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Լատվիայում կառավարության ձևավորման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Յանիս Մաժեյկսը նշեց, որ կառավարության ձևավորումը հնարավորություն կտա խորացնել առկա համագործակցությունը երկու երկրների միջև:

Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ ՀԸԳ համաձայնագրի իրականացման ընթացքը, երկկողմ օրակարգի խթանման, միջազգային հարթակներում կապերի սերտացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում դեսպան Մկրտչյանն ընդգծեց ընթացիկ տարում հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցկացնելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ստորագրման ենթակա բոլոր պայմանագրերը և նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են: Լատվիացի դիվանագետը նշեց, որ Լատվիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճում է, թեև առկա են շատ ավելի մեծ հնարավորություններ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ եղավ երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին: Հյուրի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նոր կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության առանցքային կետերը և Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Կողմերը կարևորեցին երկու գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման շարունակականութունը, քննարկվեց առաջիկայում տարբեր մակարդակներով արցելությունների կազմակերպման հնարավորությունը:

Տպել էջը