Դեսպան Բադալյանի հանդիպումը Թուրքմենստանի խորհրդարանի նախագահի հետ

25 հունվարի, 2019

Հունվարի 25-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը հանդիպեց Թուրքմենստանի խորհրդարանի՝ մեջլիսի նախագահ Գուլշատ Մամեդովայի հետ (Gulsat Sakhyevna Mammedowa):

Շնորհավորելով Գառնիկ Բադալյանին Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մեջլիսի նախագահ Գուլշատ Մամեդովան կարևորեց երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի Թուրքմենստան-Հայաստան բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Դեսպան Գառնիկ Բադալյանը մեջլիսի նախագահին փոխանցեց ՀՀ նորընտիր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ողջույնները և նշեց, որ Հայաստանում բարձր են գնահատում բարեկամ Թուրքմենստանի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն տալիս:

Զրույցի ընթացքում ՀՀ դեսպանն ու Թուրքմենստանի մեջլիսի նախագահը քննարկեցին հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձան 2019թ. առաջին կիսամյակում Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի անցկացմանը:

Միջպետական հարաբերություններում երկուստեք կարևորվեց օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցությունը: Հիշատակվեց, որ ՀՀ Աժ նախագահներն այցելել են Թուրքմենստան և, որ ուժի մեջ է 2018թ. Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով հետաձգված Թուրքմենստանի մեջլիսի նախագահի այցը Հայաստան: Գուլշատ Մամեդովան շնորհավորեց Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և նկատի ունենալով, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորվելու են բարեկամության խմբեր, զրուցակիցները կարևորեցին դրանց հնարավորինս արագ ստեղծման անհրաժեշտությունը:

 

Տպել էջը