Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Լենինգրադի շրջափակումից ամբողջական ազատագրման 75-ամյակին նվիրված միջոցառմանը

26 հունվարի, 2019

Հունվարի 26-ին Սանկտ-Պետերբուրգի Պիսկարյովսկի պանթեոնում տեղի ունեցավ Լենինգրադի նացիստական շրջափակումից ամբողջական ազատագրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություն:

Հանդիսավոր արարողությանը ծաղկեպսակ դրվեց Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից՝ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ, ինչպես նաև ՌԴ Պետդումայի, Սահմանադրական դատարանի, Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի և այլ բարձրաստիճան այրերի կողմից:

Երեկոյան Սանկտ-Պետերբուրգի նահանգապետի կառավարական ընդունելությունների տանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Լենինգրադի շրջափակման ամբողջական ազատագրման 75-ամյակին։ Պաշտոնական ելույթներ ունեցան Սանկտ-Պետերբուրգի կառավարության ներկայացուցիչներ, ՌԴ նահանգապետեր, դեսպաններ:

Սանկտ-Պետերբուրգի դիվանագիտական կորպուսի կողմից ելույթ ունեցավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: Անդրադառնալով Լենինգրադի շրջափակման ճեղքման հերոսական էջերին՝ նա անդրադարձավ նաև հայության դերակատարությանը և փաստեց, որ Լենինգրադի պաշտպանությանը մասնակցել են տասնյակ հազարավոր հայեր, որոնցից հազարավորները զոհվել են: «Լենինգրադի պաշտպանները հաղթեցին, որովհետև նրանք պայքարում էին հանուն արդար գոյատևման, հանուն իրենց հայրենիքի հողի ու քաղաքի, հանուն իրենց պատմական մշակույթի ու հանուն իրենց արժանապատվության»,- իր ելույթում նշեց Հրայր Կարապետյանը:

Տպել էջը