ՀՀ զինված ուժերի 27-ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
29 հունվարի, 2019Հունվարի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-ամյակին: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերը (Laura Cooper), Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որի կազմում էին Կանզասի գվարդիայի գեներալ-ադյուտանտ Լի Թաֆանելին (Lee Tafanelli), Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթը (Anthony Mohatt), Կանզասի ռազմաօդային ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Դեյվիդ Վայսհարը (David Weishaar), ինչպես նաև ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ, ռազմական կցորդներ Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանություններից, պետքարտուղարության պաշտոնյաներ ու դեսպաններ:
Իր ողջույնի խոսքում դեսպան Վարուժան Ներսեսյանն անդրադարձավ ՀՀ զինված ուժերի կազմավորման պատմությանն ու պաշտպանության ոլորտում ՀՀ գործակցությանը ԱՄՆ-ի ու միջազգային այլ գործընկերների հետ: ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը խոսեց միջազգային խաղաղապահ գործողություններին ՀՀ մասնակցության, զինվորականների ուսուցման, մարտական պատրաստության ու ռազմական արդյունաբերության ոլորտներում ՀՀ միջազգային համագործակցության մասին:
Միջոցառմանը խոսքով հանդես եկավ նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերը, ով շնորհակալություն հայտնեց Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահ առաքելություններին ՀՀ ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև ընդգծեց Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ 15-ամյա համագործակցության կարևորությունը:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտին ներկայացվեց համերգային ծրագիր ու տրվեց ընդունելություն: