Արտաքին գործերի նախարարի տեղակալի հանդիպումը ՀՀ-ում Գանայի Հանրապետության դեսպանի հետ

29 հունվարի, 2019

Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հանդիպեց ՀՀ-ում Գանայի Հանրապետության (ԳՀ) արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեի հետ (Lesley Akua Akyaa Opoku-Ware) (նստավայրը՝ Մոսկվա):

Հանդիպման ընթացքում դեսպան Օպոկու-Վարեն իր հավատարմագրերի պատճենները հանձնեց փոխնախարար Հովհաննիսյանին, որից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ և բազմակողմ շրջանակներում հայ-գանայական հարաբերությունները և դրանց զարգացման հեռանկարները:

Փոխնախարար Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպան Օպոկու-Վարեին հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ, մաղթեց նրան արդյունավետ գործունեություն։

Զրուցակիցներն անդրադարձան առևտրատնտեսական համագործակցության խթանմանը, հատկապես՝ գյուղատնտեսության, սննդի վերամշակման, հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, քննարկեցին երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված մի շարք քայլեր։

Անդրադարձ կատարվեց նաև ԼՂ հիմնախնդրին։ Փոխնախարար Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացումը կնպաստի տարբեր միջազգային կառույցներում հարցի հնարավոր արծարծման դեպքում օբյեկտիվ և կառուցողական մոտեցում ցուցաբերելուն։ Խոսվեց միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքներում Հայաստանի և Գանայի համագործակցության առավել զարգացման հնարավորությունների և տարբերակների մասին:

Տպել էջը