ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելել է Գլենդեյլի Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոց

29 հունվարի, 2019

Հունվարի 29-ին ՀՀ գլխավոր հյոպատոս Արմեն Բայբուրդյանն այցելեց Գլենդեյլի Թոմաս Ջեֆերսոն տարրական դպրոց՝ Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի խորհրդի նախագահ Գրեգ Գրիգորյանի, խորհրդի անդամներ Արմինա Կարապետյանի, Շանթ Սահակյանի, Նաիրի Նահապետյանի և Գլենդեյլի դպրոցական համակարգի կառավարիչ  Ուինֆրիդ Ռոբերտսոնի ուղեկցությամբ:

Դպրոցի սաները գլխավոր հյուպատոսին դիմավորեցին աղուհացով և հայերեն ողջույնի խոսքով: Գլխավոր հյուպատոսը շրջեց դպրոցի դասասենյակներում, ծանոթացավ և զրուցեց հայ և օտարազգի աշակերտների հետ, հետևեց դասաժամերի ընթացքին, ծանոթացավ աշակերտների՝ հայերեն լեզվի, հայ գրականության ու պատմության իմացության մակարդակին:

Գլենդեյլի հանրային դպրոցների FLAG ծրագրի հայերեն բաժնի պատասխանատու Միգանույշ Մելքոնյանը ՀՀ գլխավոր հյուպատոսին ներկայացրեց երկլեզու ուսուցման հայկական բաժնի աշխատանքները:  Գլենդեյլի դպրոցների միացյալ շրջանի խորհրդի անդամները գլխավոր հյուպատոսին ներկայացրել են հայերենի ուսուցման մեթոդներն ու հաջողությունները: Դպրոցի հայ աշակերտները ՀՀ գլխավոր հյուպատոսին ներկայացրին հայ գրականության ու երաժշտական նմուշների գեղեցիկ կատարումներով:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը բարձր  գնահատեց FLAG ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում Գլենդեյլի ամերիկյան հանրային դպրոցներում սովորել գրեթե բոլոր առարկաները և խոստացավ աջակցություն ցուցաբերել այդ ծրագրին:

Տպել էջը