Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի մշակույթի հարցերով գլխավոր քարտուղարի հետ

30 հունվարի, 2019

Հունվարի 29-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Ալ Յուհայի (Ali Al Youha) հետ։

Գլխավոր քարտուղարը ջերմորեն ողջունեց ՀՀ դեսպանին և մեծապես կարևորեց մշակութային ոլորտում ակտիվ համագործակցություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Նա միաժամանակ քաջալերեց հանդես գալ նորանոր մշակութային նախաձեռնություններով՝ խոստանալով ապահովել անհրաժեշտ աջակցություն։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը հետաքրքրվեց Քուվեյթի մշակութային անցուդարձից և դրան մաս կազմելու հնարավորություններից։ Նա գոհունակությամբ նկատեց, որ ակտիվ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում՝ վստահեցնելով, որ դրանք անպայման կօգտագործվեն։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։

Տպել էջը