Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Առևտրի և արդյունաբերության պալատում

30 հունվարի, 2019

Հունվարի 30-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Առևտրի և արդյունաբերության պալատի գլխավոր տնօրեն Ռաբահ Ալ-Ռաբահի (Rabah Al-Rabah) հետ:

Գլխավոր տնօրենը ջերմորեն ողջունեց ՀՀ դեսպանին և մեծապես կարևորեց առևտրի և արդյունաբերության ոլորտում ակտիվ համագործակցություն իրականացնելու անհրաժեշտությունը։ Նա միաժամանակ համառոտ նկարագրեց Պալատի գործունեությունը՝ ուրվագծելով այն ուղղությունները, որոնցում կարելի է փոխգործակցության կոնկրետ քայլեր ձեռնարկել։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նկատեց, որ տնտեսական շփումները էականորեն հետ են մնում երկու երկրների քաղաքական սերտ հարաբերություններից։ Նա ընդգծեց, որ տնտեսական հարաբերություններն ակտիվացնելու լայն հնարավորություններ է տեսնում՝ հավաստիացնելով, որ դրանք անպայման կօգտագործվեն։

Այդ համատեքստում զրուցակիցներն անմիջական մթնոլորտում մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Տպել էջը