Դեսպան Ղևոնդյանի հանդիպումը ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

31 հունվարի, 2019

Հունվարի 31-ին կայացավ Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի (Владимир Андрейченко) հետ։

Հանդիպմանը ներկա էին նաև ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը (Болеслав Пирштук), ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վալերի Վորոնեցկին (Валерий Воронецкий) և այլ պաշտոնատար անձինք։

Կառուցողական և ջերմ մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԲՀ ԱԺ ստորին պալատի ղեկավարը վերահաստատեց իր երկրի հետաքրքրվածությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման և զարգացման գործում։ Ըստ Վլադիմիր Անդրեյչենկոյի, երկկողմ օրակարգի առաջխաղացման հարցում իր ներդրումն ունի նաև խորհրդարանական դիվանագիտությունը, որն առավելապես դրսևորվում է Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության միջոցով։

Իր հերթին հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի կողմից ընդգծվեց հանձնաժողովի համակարգային և սահուն աշխատանքի բնույթը, ինչպես նաև երկու պետությունների խորհրդարանականների փոխգործակցությունը միջազգային հարթակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-բելառուսական հարաբերությունների օրակարգային հարցերին՝ առանձնակի ուշադրություն հատկացնելով երկկողմ միջխորհրդարանական փոխգործակցությանը։

Տպել էջը