Դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահին

01 փետրվարի, 2019

Փետրվարի 1-ին, Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սրիսենային (Maithripala Sirisena)։

Նույն օրը դեսպան Արմեն Մարտիրոսյանը Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունում հանդիպեց ԱԳՆ հավելյալ քարտուղար (Additional secretary) Սումիտ Նականդալայի (Sumith Nakandala) հետ։

Կողմերը կարևորեցին ՄԱԿ-ի շրջանակներում փոխգործակցության շարունակականությունը, մտքեր փոխանակեցին կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարի, ինչպես նաև՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ։

Շրիլանկյան կողմը հետաքրքրություն հայտնեց հայկական բուհերում շրիլանկացի ուսանողների ներգրավման վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայում անցնում է Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից սահմանված ընթացակարգը, որից հետո բուհն իրավունք կստանա ընդունել դիմորդներ Շրի Լանկայից։

Հանդիպման ընթացքում դեսպան Մարտիրոսյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի անունից Շրի Լանկայի ԱԳ նախարար Տիլակ Մարապանային (Tilak Marapana) հրավիրեց այցելելու Հայաստան, ինչը գոհունակությամբ ընդունվեց Սումիտ Նականդալայի կողմից։ Վեջինս նաև նշեց, որ հաշվի առնելով այն, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Շրի Լանկայից բարձրաստիճան այց տարածաշրջան չի եղել՝ հավանական է, որ ընթացիկ տարում նախարար Մարապանան այցելի Հայաստան։

Տպել էջը