ՀՀ դեսպանի և Լիտվայի մշակույթի նախարարի հանդիպումը
12 փետրվարի, 2019Փետրվարի 12-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում ունեցավ Լիտվայի մշակույթի նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասի (Mindaugas Kvietkauskas) հետ:
Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը նախարար Կվիետկաուսկասին հաջողություն և արդյունավետ գործունեություն մաղթեց՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ ՀՀ դեսպանության և Լիտվայի մշակույթի նախարարության միջև ձևավորված սերտ համագործակցությունը կպահպանվի և կընդգրկի փոխգործակցության նոր ոլորտներ։
Նախարար Մինդաուգաս Կվիետկաուսկասն նշեց, որ ուշադրությամբ հետևում և ողջունում է դեսպանության ակտիվ մշակութային գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով վերջերս Կոմիտասի 150-ամյակին նվիրված «Գյուրջիև» համույթի՝ Լիտվայում տեղի ունեցած համերգները, որոնք մեծ արձագանք ստացան երկրում։
Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրեց դեսպանության առաջիկա ծրագրերը և նախաձեռնությունները, մասնավորապես՝ գրատպության, ցուցահանդեսների, տարբեր համերգների և մշակութային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ։ Դեսպանն առանձնացրեց Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակները, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում, ներկայացրեց դրանց համատեքստում նախատեսված մի շարջ միջոցառումներ։
Նախարար Կվիետկաուսկասն իր պատրաստակամությունն արտահայտեց հնարավորության սահմաններում աջակցելու դեսպանության նախաձեռնություններին։