Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Օմանի արտաքին գործերի նախարար Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահին

15 փետրվարի, 2019

Փետրվարի 15-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ՝  Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի հետ:

Զրուցակիցները մտքեր  փոխանակեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ: ԱԳ նախարարները բարձր գնահատեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, ինչը լավ հիմք է ստեղծում առկա ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Որպես առաջնային ուղղություն ընդգծվեց առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդումը:

Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը Յուսիֆ բին Ալաուի բին Աբդալլահի ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով կառավարության հանձնառությունը կյանքի կոչելու բարեփոխումների լայն օրակարգ, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է:

Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը  կարևորեց զբոսաշրջային, գործարար, մշակութային կապերն ամրապնդելու և խորացնելու, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման  անհրաժեշտությունը:

Զրուցակցի խնդրանքով՝ Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները:

 

Տպել էջը