Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարին

15 փետրվարի, 2019

Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով Մյունխենում է գտնվում անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով, հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանին:

Կողմերն անդրադարձան Յոհաննես Հաանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակեցին Երևանում ԵՄ ներդրողների համաժողովի անցկացման հնարավորության շուրջ:

Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը քննարկեցին Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց, որ այն կարևոր գործիք է հանդիսանում Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման համար:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ԵՄ գործընկերների հետ միասին սերտ համագործակցությամբ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագծի վերջնականացման ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Զոհրաբ Մնացականյանը Յոհաննես Հաանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:  

 

Տպել էջը