Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումը

15 փետրվարի, 2019

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ:

Նախարար Մնացականյանը շնորհավորեց Էդգարս Ռինկևիչսին՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթեց ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում:

Զրուցակիցները քննարկեցին հայ-լատվիական օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական համագործակցության աշխուժացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հանձնառությունը: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Էդգարս Ռինկևիչսը կարևորեցին բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը: Որպես համագործակցության առաջնային ոլորտներ ընդգծվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, բանկային, սննդի անվտանգության ուղղությունները՝ միաժամանակ կարևորելով փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը:  

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում համագործակցության դրական դինամիկայի պահպանման և առավել սերտացման հարցերի շուրջ:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և կառավարության զարգացման օրակարգի առաջմղման համար: Նախարար Մնացականյանը հավելեց, որ Համաձայնագիրը միաժամանակ արդյունավետ գործիք է՝ խթանելու ոչ միայն Հայաստան-ԵՄ, այլ նաև ԵՄ անդամ երկրների հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցությունը:

Հանդիպմանն ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման և ամրապնդման կարևորությունը:

 

Տպել էջը