Հայկական համայնքի 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Մար դել Պլատայում
16 փետրվարի, 2019Փետրվարի 16-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը Մար դել Պլատայի մայր տաճարում ներկա գտնվեց Մար դել Պլատայի հայկական համայնքի 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը և Վարդանանց տոնի առթիվ Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գ.Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի կողմից մատուցված պատարագին:
Միջոցառումներին ներկա էին տեղի հայ համայնքի ղեկավար Ավետիս Սահակյանը, Արգենտինայի հայ կենտրոնից ներկայացուցիչներ, տեղական օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ և այլ հյուրեր:
Իր ողջույնի խոսքում դեսպան Մկրտումյանը նշեց, որ շատ հպարտ է, որ հայ ժողովրդի պատմության այս հիշարժան օրը ներկա է գտնվում Մար դել Պլատա քաղաքի հայ համայնքի կողքին՝ որպես Արգենտինայում Հայաստանի դեսպան և որպես հայրենակից, քանի որ այս օրը խորհրդանշում է հայ ժողովրդի պատմության վճռորոշ պահերից մեկը, երբ Վարդան Մամիկոնյանի առաջնորդած փոքրաթիվ զորքը նահատակվեց հանուն հավատքի և հայրենիքի՝ փրկելով և սերունդներին փոխանցելով հայկական ինքնությունն ու քրիստոնյա հավատքը: