ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումը Կալիֆորնիայի ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ

27 փետրվարի, 2019

Փետրվարի 27-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցավ գլխավոր հյուպատոս դոկտ. Արմեն Բայբուրդյանի հանդիպումը Կալիֆորնիայում գործող մի շարք բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների՝ ServiceTitan, Amaros Medical, SmartClick, Smartgatevc, Craftstay Corporate Housing, US Logistics, Knoxlabs, AppearMe ներկայացուցիչների հետ: 

Գլխավոր հյուպատոսության կողմից ձեռնարկված նախաձեռնության նպատակն է ձևավորել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների տեղական հարթակ: Գլխավոր հյուպատոս Բայբուրդյանը Սիլիկոնային հովտում գործող Amaros Medical ընկերության համահիմնադիր Բեն Թոքաթին երախտագիտություն հայտնեց խմբի անդրանիկ նիստի կազմակերպմանը օժանդակելու համար:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում և Կալիֆորնիայում գործող բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միջև կապերի հաստատման, համատեղ ծրագրերի իրականացման, ընդհանուր հարթակների ձևավորման վերաբերյալ:

Դոկտ. Բայբուրդյանը կարևորեց նման քննարկումները՝ առավել գործնական քայլերի և ծրագրերի վերածելու մտայնությամբ՝ ներդրումային և տեխնոլոգիական հոսք ԱՄՆ արևմտյան նահանգներից դեպի Հայաստան ապահովելու նպատակով: Մասնակիցներն առաջարկեցին գլխավոր հյուպատոսությունը դարձնել այն հարթակը, որտեղ կձևավորվեն Հայաստանի հետ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացման կոնկրետ ծրագրեր և գործընկերային կապեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս ձևաչափը դարձնել առավել ընդգրկուն և հանդիպումները՝ կանոնավոր:

Տպել էջը