Դեսպան Գագիկ Ղալաչյանի հանդիպումը Ղազախստանի Սենատի նախագահի հետ

04 մարտի, 2019

Մարտի 4-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի (Токаев Касым-Жомарт Кемелевич) հետ:

Ողջունելով ՀՀ դեսպանին, Ղազախստանի Սենատի նախագահն ընդգծեց Հայաստանի, հայկական մշակույթի հանդեպ առկա համակրանքը և հայ-ղազախական ավանդական բարեկամության ամրապնդման անհրաժեշտությունը։ Պրն․ Տոկաևը կարևորեց ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում երկու պետությունների միջև սերտ համագործակցությունը՝ թե՛ միջկառավարական, թե՛ միջխորհրդարանական հարթության վրա: Նա նաև նշեց ղազախական կողմի մեծ հետաքրքրությունը երկկողմ ձևաչափում միջխորհրդարանական հարաբերություններն առավել զարգացնելու հարցում:

ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև մշակութային կապերի ամրապնդման հեռանկարներին։

Դեսպան Ղալաչյանը ներկայացրեց արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովում բարեկամության խմբերի ձևավորման գործընթացը՝ նշելով, որ հայ-ղազախական բարեկամության խմբի կազմավորումից հետո անմիջապես ձեռնամուխ կլինի միջխորհրդարանական շփումների աշխուժացմանը:

Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:

Տպել էջը