Հայաստանի դեսպանը մասնակցեց Հաագայի «Հին կենտրոնի գորգի» բացմանը

05 մարտի, 2019

Մարտի 5-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը «Աբովյան» միության ղեկավար Մաթո Հախվերդյանի և Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի քարտուղար Ինգե Դրոստի (Inge Drost) հետ միասին ներկա գտնվեց Հաագայի կենտրոնում՝ HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող «Հին կենտրոնի գորգի» բացման արարողությանը։

Միջոցառման շրջանակներում Տիգրան Բալայանը զրույց ունեցավ Հաագայի փոխքաղաքապետ Ռիչարդ դե Մոսի (Richard de Mos) հետ, ում շնորհակալություն հայտնեց հայկական «Ջուրն իր ճանապարհը կգտնի» ասացվածքը հայերենով Հաագայի կենտրոնում հավերժացնելու համար, ինչը, դեսպանի բնորոշմամբ, յուրատեսակ գնահատանք է քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումը բերած հայերին։ Դեսպանը Հաագայի փոխքաղաքապետին ներկայացրեց հայ-հոլանդական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։

Հաագայի փոխքաղաքապետը ողջունեց Հայաստանի դեսպանի ներկայությունը քաղաքի համար կարևոր իրադարձությանը և պատրաստակամություն հայտնեց քննարկելու համագործակցության հաստատման հնարավորությունները։

Տեղեկանք. «Հին կենտրոնի գորգն» իրենից ներկայացնում է Հաագայի HS երկաթուղային կայարանի հարակից տարածքից ձգվող մայթեզրերին ճանապարհի մասին 34 լեզուներով ասացվածքների փորագրումը։ Լեզուների և ասացվածքների ընտրությունն իրականացվել է Լեյդենի համալսարանի հատուկ հանձնախմբի կողմից։

Տպել էջը