Դեսպան Աշոտ Սմբատյանի ելույթը Գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միություն տարեկան համաժողովին

05 մարտի, 2019

Մարտի 5-ին Բեռլինի ITB միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսի բացման նախաշեմին Գերմանացի ճամփորդների և ճամփորդական ընկերությունների միությունը (DRV) գումարեց իր տարեկան համաժողովը: Համաժողովի այս տարվա հյուրն էր ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:

Ողջունելով ներկաներին՝ դեսպանը հակիրճ անդրադարձ կատարեց Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, տնտեսության ոլորտում թափ առած բարեփոխումների գործընթացին, որի կարևորագույն բաղադրիչներից է նաև զբոսաշրջությունը:

Ա. Սմբատյանը նշեց, որ 2017թ. և 2018թ. համեմատելիս արդեն իսկ զգալի աճ է նկատվում Հայաստանում զբոսաշրջության ոլորտում, և որոշ կանխատեսումներով՝ այս տարի նշյալ բնագավառում առավել առաջընթաց կարձանագրվի:

Հայաստանից միջոցառմանը հրավիրվել էր էքսկուրսավար Հրայր Բաղրամյանը, ով դասախոսությամբ հանդես եկավ մեր երկրի զբոսաշրջային գրավչության վերաբերյալ: Այնուհետև Ա. Սմբատյանը և Հ. Բաղրամյանը պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերին:

 

Տպել էջը