Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև

08 մարտի, 2019

Մարտի 8-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հոլանդականը՝ Նիդերլանդների ԱԳ քաղաքական հարցերով գլխավոր փոխտնօրեն Պետր Յան Կլայվեգ դե Զվանը (Pieter Jan Kleiweg de Zwaan):

Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ:

Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեց վերջին շրջանում ակտիվացած հայ-հոլանդական բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդգծեց, որ հայկական կողմն այս խորհրդակցությունները դիտարկում է որպես բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի համադրման հանդիպում։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության ներկա փուլին և զարգացման հեռանկարներին՝ հայկական կողմը ներկայացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման ճանապարհային քարտեզի՝ կողմերի միջև համաձայնեցման գործընթացը և ընդգծեց Նիդերլանդների կողմից ՀԸԳՀ շուտափույթ վավերացման կարևորությունը:

Խորհրդակցությունների արդյունքում շեշտվեց նաև ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի, ինչպես նաև այդ գործընթացում ԵՄ անդամ երկրների աջակցության կարևորությունը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումներին:

Հայ-հոլանդական քաղաքական խորհրդակցություններին քննարկվեցին նաև միջազգային կառույցներում երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության հնարավորությունները:

Տպել էջը