Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի 15-ամյակին նվիրված միջոցառման մասին
10 մարտի, 2019Մարտի 10-ին Օդեսայի Հայկական մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Օդեսայի Մեսրոպ Մաշտոցի անվան երկօրյա դպրոցի 15-ամյակին և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա էին Ուկրաինայում ՀՀ Տիգրան Սեյրանյանը, Օդեսայի Պրիմորսկի վարչական շրջանի ղեկավար Մարատ Կորոլյովը, Ուկրաինայի ԱԳՆ և այլ պետական հաստատությունների և տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Իր շնորհավորական խոսքում դեսպան Սեյրանյանը վստահեցրեց, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը և Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կշարունակեն ընդլայնել և խորացնել կրթօջախի հետ կապերն ու համագործակցությունը: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Օդեսայի հայ համայնքի ղեկավարությանը, ուսուցիչներին, ծնողներին, հայ երեխաների հայեցի կրթության և դաստիարակության գործում անմնացորդ նվիրումի համար: Հայ դիվանագետը բարձր գնահատեց Օդեսայի մարզային և քաղաքային իշխանությունների բարեհաճությունը տարածաշրջանի հայության հանդեպ:
Օդեսայի հայ համայնքի նախագահ Սամվել Տիգրանյանն Ուկրաինայի Հայերի միության կողմից պատվոգրեր հանձնեց կիրակնօրյա դպրոցի տնօրեն էլեն Պողոսյանին, դպրոցի ուսուցչական կազմին, համայնքի այլ անդամներին: Այնուհետև հանդեսատեսը դիտեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի հիման վրա բեմադրված թատերական ներկայացումը՝ մշակույթի կենտրոնի «Դրական ստուդիայի» սաների կատարմամբ: