Դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը ՄԹ պետնախարար Ալան Դանքնի հետ

11 մարտի, 2019

Մարտի 11-ին Ֆորին Օֆիսում կայացավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկյան հարցերով պետնախարար Ալան Դանքնի (Alan Duncan) հետ:

Ողջունելով դեսպանին, պետնախարար Դանքնը շնորհավորեց Արման Կիրակոսյանին ՄԹ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով իր առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպանի խնդրանքով պետնախարար Դանքնը ներկայացրեց Բրեքսիտի հետ կապված իրավիճակը և գործընթացի զարգացման հնարավոր ուղիները:

Անդրադառնալով ՀՀ-ՄԹ երկկողմ հարաբերություններին` դեսպանը և պետնախարարը համակարծիք էին, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա: Նշվեց նաև, որ Բրեքսիտից հետո Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերությունները պետք է շարունակվեն՝ հիմնվելով երկկողմ և բազմակողմ հարթությունում կուտակած դրական ու հարուստ փորձի և ամուր իրավապայմանագրային դաշտի վրա:

Զրույցի ընթացքում Արման Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանում ընթացող գործընթացները և կառավարության առաջնահերթությունները, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով այս համատեքստում Հայաստանում բրիտանական ներդրումների կարևորությունը:

Դեսպանը ներկայացրեց նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումներն ու դիրքորոշումը, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Արման Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց պետնախարարին Հայաստանում ՄԹ-ի կողմից իրականացվող ծրագրերի համար՝ շեշտելով դրանց կարևորությունը մեր երկրի համար:

 

Տպել էջը