Դեսպան Մկրտչյանի այցելությունը Նատոլինի Եվրոպական քոլեջ

12 մարտի, 2019

Մարտի 12-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և հայ ուսանողների համագործակցությամբ Եվրոպական քոլեջի Նատոլինի բաժանմունքում կազմակերպվեց հայկական երեկո։

Մինչ միջոցառման սկիզբը, ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Եվրոպական քոլեջի փոխռեկտոր, Նատոլինի բաժանմունքի ղեկավար Էվա Օշնիեցկա-Տամեցկայի հետ (Ewa Ośniecka-Tamecka)։ Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանին ներկայացվեց քոլեջի գործունեությունը, գոհունակությամբ նշվեց հայ ուսանողների բարձր առաջադիմությունը և ակտիվությունը։ Է․ Օշնիեցկա-Տամեցկան առաջարկեց հայկական կողմի հետ քննարկել նաև համագործակցության այլ եղանակներ՝ ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի աշխատակիցներին քոլեջի վերապատրաստման դասընթացներին ներգրավելու նպատակով։

Այնուհետ դեսպան Մկրտչյանը ՀՀ արտաքին քաղաքականության, մասնավորապես եվրոպական ուղղության, վերաբերյալ դասախոսությամբ հանդես եկավ քոլեջի ուսանողների համար։ Հանդիպումը վարում էր Նատոլինի Եվրոպական քոլեջի Եվրոպական հարևանության քաղաքականության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Տոբիաս Շումախերը (Dr. Tobias Schumacher)։

Սամվել Մկրտչյանը նաև պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք առնչվում էին Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում իրականացվող բարեփոխումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության խնդիրներին։

Հայկական երեկոյի շրջանակներում երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան Վրոցլավում բնակվող սիրիահայ եղբայրները, Վարշավայի Հայ մշակութային և կրթական կենտրոնի սաները։

Տեղեկանք․ Եվրոպական քոլեջի երկու բաժանմունքները տեղակայված են Բրյուգեում (Բելգիա) և Նատոլինում (Վարշավա, Լեհաստան)։ Նատոլինի բաժանմունքը հիմնադրվել է 1992 թվականին։ Հետհամալսարանական Եվրոպական միջդիսցիպլինար կրթական ծրագրով այն մասնագիտանում է ԵՄ և նրա հարևանության նոր զարգացումների ակադեմիական ուսումնասիրություններում, որոնք ներառում են ԵՄ հանրային քաղաքականություն, ԵՄ-ն աշխարհում, ԵՄ-ն և նրա հարևանները, Եվրոպական պատմություն և քաղաքակրթություն թեմաները։ Ներկայումս՝ մեկ տարվա ուսումնական ծրագրի շրջանակներում Նատոլինում ուսումնառում են 137 ուսանողներ 40 երկրներից, այդ թվում 6-ը՝ Հայաստանից։

Տպել էջը