Դեսպան Փոլադյանի հանդիպումն Իրաքի առևտրի նախարարի հետ

13 մարտի, 2019

Մարտի 13-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի առևտրի նախարար Մոհամեդ Հաշիմ Աբդուլ Մաջիդին (Mohammed Hashim Abdul Majeed)։ Ողջունելով դեսպան Փոլադյանին՝ նախարար Աբդուլ Մաջիդը նշեց, որ ներկայումս բավական բարենպաստ պայմաններ են ստեղծվել առևտրատնտեսական ծավալներում փոխադարձ առաջընթաց գրանցելու ուղղությամբ։

Կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում առևտրի բնագավառում առկա համագործակցության հեռանկարներին՝ մատնանշելով, որ այդ նպատակն իրագործելու համար խիստ կարևոր է գործարարների համաժողովներին և փոխադարձաբար տնտեսական ուղղվածություն ունեցող ցուցահանդեսներին մասնակցությունը։ Նախարար Աբդուլ Մաջիդը, մասնավորապես ընդգծեց հայկական ընկերությունների՝ հոկտեմբերին կայանալիք Բաղդադի միջազգային տնտեսական ցուցահանդեսին մասնակցելու կարևորությունը։ Արձանագրվեց, որ առկա է մեծ ներուժ առևտրի ծավալներն ավելացնելու համար՝ հատկապես ապագայում Հայաստանից դեպի Իրաք ուղղությամբ ցամաքային ճանապարհի բացման պարագայում։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին պատշաճ կերպով նախապատրաստվել նաև տարեվերջին տեղի ունենալիք Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի աշխատանքներին՝ վերանայելով նաև համապատասխան իրավապայմանագրային երկկողմ փաստաթղթերը։

Տպել էջը