ՀՀ դեսպանի հանդիպում Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ

14 մարտի, 2019

Մարտի 14-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ եվրոպական հարցերով ՉՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) հետ։

Նախարարի տեղակալը ողջունեց նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և բարձր գնահատական տվեց հայ-չեխական հարաբերություններին, անդրադառնալով նրանց բազմազանությանն ու ակտիվությանը, կարևորելով Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը։

Դեսպան Հովակիմյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և հայ-չեխական հարաբերություններին տրված բարձր գնահատականի համար, ներկայացրեց դրանց զարգացման համար դեսպանության կողմից նախաձեռնվող քայլերը, անդրադարձ կատարեց Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին՝ պարզաբանելով ՀՀ դիրքորոշումը։

Դեսպանը հատուկ ուշադրություն դարձրեց ԵՄ հետ հարաբերությունների գործընթացին, կարևորելով ՉՀ խորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի (CEPA) վավերացման գործընթացի արագացումը, ինչպես նաև Չեխիայի հետ ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը։ Քննարկվեց երկկողմ բարձրաստիճան այցելությունների և քաղաքական խորհրդակցությունների օրացույցը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև ապրիլի 16-17-ին Պրահայում կայանալիք ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ պետությունների հոբելյանական հանդիպմանը՝ նվիրված տնտեսական խնդիրներին։

Տպել էջը