Դեսպան Սամվել Մկրտչյանի այցը Լեհաստանի Լոձ քաղաք

19 մարտի, 2019

Մարտի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանն այցելեց Լեհաստանի Լոձ քաղաք: Այցի ընթացքում հանդիպումներ կայացան Լոձի վոևոդա (նահանգապետ) Զբիգնև Ռաուի (Zbigniew Rau), վոևոդության մարշալեկ (նահանգային խորհրդի ղեկավար) Գժեգոժ Շրայբերի (Grzegorz Schreiber), նահանգային օրենսդիր մարմնի (սեյմիկի) նախագահ Իվոնա Կոպերսկայի (Iwona Koperska) և Լոձի քաղաքապետ Հանա Ժդանովսկայի (Hanna Zdanowska) հետ:

Բարեկամական ջերմ մթնոլորտում կայացած բոլոր հանդիպումների ընթացքում քննարկումներ ընթացան մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում հետագա համագործակցության հաստատման և ընդլայնման շուրջ: Մասնավորապես՝ դիտարկվեցին ինքնակառավարման մարմինների միջև ապակենտրոնացված և միջմարզային, ինչպես նաև առևտրատնտեսական և գործարար շրջանակների, կրթամշակութային և հումանիտար համագործակցության փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առաջիկայում նախատեսվող և հետագա նախանշվող փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ: Հանդիպումների ժամանակ երկուստեք ուշադրության արժանացավ Լեհաստանի հայ համայնքային գործիչների ու կազմակերպությունների դերակատարությունը:

Դեսպան Մկրտչյանն իր այցելության շրջանակներում ծանոթացավ նաև Լոձի պատմամշակութային ժառանգությանը և արդյունաբերական հնարավորություններին:

Տպել էջը