ՀՀ գլխավոր հյուպատոսն այցելեց Լոս Անջելեսի Mountain View հայերեն ուսուցմամբ տարրական ամերիկյան հանրային դպրոց

20 մարտի, 2019

Մարտի 20-ին ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն այցելեց Լոս Անջելեսի դպրոցների միացյալ շրջանի կազմի մեջ ընդգրկվող՝ Mountain View տարրական հանրային դպրոց, որտեղ 390 աշակերտների 80 տոկոսը հայազգի է: Այդ փաստը հաշվի առնելով՝ հիմնական ուսումնական ծրագրում ներառվել է հայոց լեզվի և այլ առարկաների հայերեն դասավանդումը (Լոս Անջելեսի դպրոցների միացյալ շրջանում հայերեն ուսուցմամբ չորս ամերիկյան դպրոցներ կան):

Mountain View դպրոցի առաջին և երկրորդ դասարանների սաները ՀՀ գլխավոր հյուպատոսին դիմավորեցին հայերեն ողջույնի խոսքով ու երգերով: Դպրոցի տնօրեն տկն. Սոսի Կրալյանը և ուսուցչակազմը դեսպան Բայբուրդյանին ներկայացրին դպրոցի երկլեզու ուսումնական ծրագիրը:

ՀՀ գլխավոր հյուպատոսը շրջեց տարրական դպրոցի դասարաններում և հետևեց ընթացող դասերին: Նա խոստացավ աջակցություն ցույց տալ դպրոցին հայերեն դասագրքերով և անհրաժեշտ այլ հայերեն նյութերով ապահովելու հարցում: Շրջայցի ընթացքում դոկտ. Բայբուրդյանին ուղեկցում էին Լոս Անջելեսի դպրոցների միացյալ մարմնի պաշտոնյաներ և հայ համայնքի կրթության բնագավառի ղեկավարներ:

 

 

Տպել էջը