Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության առաջնայնությունները ներկայացվեցին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

21 մարտի, 2019

Մարտի 18-21-ը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը:

Միջոցառումների շրջանակում մարտի 21-ին տեղի ունեցավ Դաշինքում համատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների առաքելությունների մասնակցությամբ ընդունելություն, որի ընթացքում որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը նախագահող պետության ներկայացուցիչ բացման խոսքով հանդես եկավ ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության առաջնայնությունները։

Իր խոսքում Գագիկ Հովհաննիսյանը, ընդգծելով ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին Հայաստանի նվիրվածությունը, ներկայացրեց 2018թ. հոկտեմբերին Երևանում «Ապրել միասին» խորագրով կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի արդյունքները և մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում նախատեսվող առանցքային միջոցառումները։

Գագիկ Հովհաննիսյանի ֆրանսերեն լեզվով ելույթից հետո միջոցառման մասնակիցները, ի թիվս այլոց, հնարավորություն ունեցան համտեսելու հայկական տաղավարում ներկայացված հայաստանյան արտադրության կոնյակների և գինիների լավագույն նմուշները։

Հիշյալ միջոցառմանը ներկա էին ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մի շարք դեսպաններ և Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Տպել էջը