Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին նվիրված միջոցառում Կաունասում

22 մարտի, 2019

Մարտի 22-ին Կաունասի Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլիոնիսի (Mikalojus Konstantinas Čiurlionis) անվան Ազգային արվեստի թանգարանում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին, որը Կաունասի հայ համայնքի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա էին Լիտվայի Սեյմի պատգամավորներ, Վիլնյուսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և Կաունասի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, բազմաթիվ հայեր և լիտվացիներ, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Միկալոյուս Կոնստանտինաս Չյուրլիոնիսի անվան Ազգային արվեստի թանգարանի տնօրեն Օսվալդաս Դաուգելիսը (Osvaldas Daugelis), ով, ներկայացնելով միջոցառման խորհուրդը, նշեց, որ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծայրերում, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ի նշանավորումն նրանց ստեղծած մշակութային ժառանգության, Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակները ներառել է «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» իր օրացույցում: Նա նշեց, որ մեծ պատիվ է Չյուրլիոնիսի թանգարանում այս երկու մեծանուն հայերի տարեդարձը նշելը։

Միջոցառմանը ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով Մ.Կ. Չյուրլիոնիսի անվան թանգարանի տնօրինությանը դեսպանության միջոցառումը հյուրընկալելու համար, նշեց, որ այն շատ առումներով եզակի է, քանի որ իր մեջ պարունակում է մշակույթի երկու ճյուղերի՝ երաժշտության և պոեզիայի տարրեր: Դեսպանը նշեց, որ յուրաքանչյուր հայ իր մեջ կրում է Կոմիտասին և Թումանյանին՝ հավելելով, որ հատկապես նրանց լիտվացի ժամանակակցի՝ մեկ այլ մեծանուն մշակութային գործչի՝ Չյուրլիոնիսի թանգարանում այս մշակութային միջոցառման կազմակերպումը հատուկ խորհուրդ է կրում։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև դաշնակահարուհի Արուս Աճեմյանին, ով Լիտվայում է գտնվում Կաունասի ֆիլհարմոնիայի հրավերով: Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար իր երախտագիտությունը հայտնեց մաեստրո Կոնստանտին Օրբելյանին և Կաունասի հայերի միությանը:

Միջոցառման երաժշտական մասում հայկական դասական երաժշտության դաշնամուրային կատարումներով հադես եկավ Արուս Աճեմյանը, ով կատարեց Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Վարդան Աճեմյանի, Կոնստանտին Օրբելյանի և այլոց ստեղծագործությունները: Հանդիսության երկրորդ հատվածում հայ մանուկները հայերենով և լիտվերենով ընթերցեցին Հովհաննես Թումանյանի պոեզիայից հատվածներ։ Զուգահեռաբար հնչեցին նշանավոր հայագետ Մարիտե Կոնտրիմայտեի կողմից թարգմանված թումանյանական բանաստեղծությունները: Միջոցառման ավարտից հետո տեղի ունեցավ ընդունելություն:

Տպել էջը