Դեսպան Արմեն Սարգսյանի հանդիպումը Սոֆիայի մարզպետի հետ

25 մարտի, 2019

Մարտի 25-ին Բուլղարիայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ դեսպան Արմեն Սարգսյանի և Սոֆիայի մարզպետ Իլիան Տոդորովի (Ilian Todorov) աշխատանքային հանդիպումը: Քննարկվեցին Սոֆիայի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև բարեկամական կապերի հաստատման հնարավորությունները:

Ներկայացնելով Սոֆիայի մարզը՝ մարզպետ Իլիան Տոդորովը նշեց, որ այն ամենամեծն է Բուլղարիայում և իր կազմում ունի 22 համայնք: Նա տեղեկացրեց, որ մարզում մի քանի տասնյակ խոշոր ընկերություններ ընդգրկված են ոսկու և պղնձի հանքարդյունաբերության մեջ, ինչպես նաև ներգրավված են լեռնադահուկային, առողջարանային և զբոսաշրջության բնագավառի ձեռնարկություներում: Հնարավոր համագործակցության առաջնայնությունների շարքում նա առանձնացրեց էներգետիկայի, հանքարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտները:

Դեսպան Արմեն Սարգսյանը կարևորեց մարզերի միջև տնտեսական, կրթամշակութային և հումանիտար համագործակցության հաստատման, արվեստի փառատոններին և միջոցառումներին փոխադարձ մասնակցության և համատեղ կազմակերպման հնարավորությունը:

Խոսելով Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների մասին՝ դեսպան Սարգսյանն ընդգծեց, որ հայերը հոգեհարազատ են ընդունում բուլղարներին և կարևորում են երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը:

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ բուլղարահայության գործոնը՝ որպես յուրահատուկ ներուժ, պետք է օգտագործվի հայ-բուլղարական համագործակցության զարգացման և ընդլայնման գործընթացում:

Տպել էջը