ԵԱՏՄ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում կազմակերպված միջոցառում Ղազախստանի մայրաքաղաքում

26 մարտի, 2019

Մարտի 26-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց միջոցառում՝ նվիրված ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությանը, որին մասնակցեցին Ղազախստանի արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Ղազախստանում հավատարմագրված շուրջ 60 դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Երմեկ Կոշերբաևը (Ермек Кошербаев):

ՀՀ դեսպանն իր ելույթում անդրադարձավ 2019թ. Եվրասիական տնտեսական միության մարմիններում ՀՀ նախագահության առաջնահերթություններին, որոնք հունվարի 25-ին ներկայացվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Դեսպանն ընդգծեց, որ Հայաստանը կարևորում է երրորդ երկրների և կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերի աշխարհագրության ընդլայնմանն ուղղված ջանքերը: Գագիկ Ղալաչյանը նշեց, որ Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրասիական միջկառավարական խորհրդի, իսկ հոկտեմբերին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը:

Երմեկ Կոշերբաևն իր ելույթում անդրադարձավ եվրասիական ինտեգրման գաղափարի, բուն միության ստեղծման և զարգացման փուլերին, ԵԱՏՄ ապրանքաշրջանառության աճի ծավալներին և հետագա ընդլայնման հեռանկարներին: Փոխնախարարը նշեց, որ Ղազախստանը պատրաստվում է մայիսի 29-ին մայրաքաղաքում հյուրընկալել ԵԱՏՄ հոբելյանական գագաթաժողովը: Փոխնախարարն իր ելույթում հաստատեց ՀՀ նախագահության առաջնահերթություններին Ղազախստանի աջակցությունը և դրանց միասնական իրականացման ուղղությամբ ջանք գործադրելու պատրաստակամությունը:

Միջոցառման ավարտին տրվեց ընդունելություն:

Տպել էջը