Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված Եվրոպայի հրապարակի բացումը Երևանում

28 մարտի, 2019

Մարտի 28-ին՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասկիեի Հայաստան պաշտոնական այցի շրջանակում, Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում տեղի ունեցավ «Եվրոպայի հրապարակի» պաշտոնական բացման արարողությունը՝ նվիրված ընթացիկ տարում նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին։

«Եվրոպայի հրապարակի» հանդիսավոր բացումն իրականացվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից։

Իր ելույթում ԵԽԽՎ նախագահը նշեց, որ «Եվրոպայի հրապարակի» բացումը Երևանում կարևոր ուղերձ է առ այն, որ Եվրոպան չի սահմանափակվում աշխարհագրական ընկալմամբ, այլ հանդիսանում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության հիմնասյուների վրա խարսխված ավելի քան 800 միլիոն եվրոպացիներին միավորող արժեհամակարգ, որը ձևավորվել է համաեվրոպական ամենաառաջին կառույցի՝ Եվրոպայի խորհրդի կողմից յոթ տասնամյակների ընթացքում»։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով միջազգային ասպարեզում Եվրոպայի խորհրդի բացառիկ նշանակությանը՝ նշեց. «70 տարի անց Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված համաեվրոպական սկզբունքներն առավել քան կարևոր են, քանի որ դրանց կենտրոնում մարդն է, նրա հիմնարար ազատությունները, արժանավայել ապրելու նրա իրավունքները։ Ուստի Հայաստանը հպարտ է, որ մասնակից է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին և այսօր բացվող «Եվրոպայի հրապարակը» նշանավորում է այս հոբելյանը, ինչպես նաև եվրոպական մայրցամաքի երկրների և կառույցների հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստանի համագործակցությունը»։

Ծանոթություն․ ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկով 2019թ. մարտի 19-ին Երևանի ավագանին քննարկել և որոշում է ընդունել Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածը «Եվրոպայի հրապարակ» անվանակոչելու վերաբերյալ։

 

Տպել էջը