ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի այցը Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս

28 մարտի, 2019

Մարտի 28-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց ԳԴՀ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամաս:

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի Ռաշտատ (Rastatt) մարզի ղեկավար Յուրգեն Բոյերլեն (Jürgen Bäuerle), ով ներկայացրեց իրենց գործունեության առաջնահերթությունները: Հանդիպմանը անդրադարձ կատարվեց տարբեր ոլորտներում երկկողմ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարներին, հատկապես՝ տնտեսական ոլորտին:

Նույն օրը դեսպանը հանդիպեց Մուգենշտուրմի քաղաքապետ Դիթմար Շպեթի (Dietmar Späth) և Աբշտայնախի քաղաքապետ Ռոլֆ Ռայնհարդի (Rolf Reinhardt) հետ: Վերջիններս ջերմորեն հիշեցին 2015թ. իրենց պատվիրակության (ԳԴՀ քաղաքապետերի ֆուտբոլային թիմի) այցը Հայաստան և պատրաստակամություն հայտնեցին առավել ակտիվացնելու երկկողմ փոխգործակցությունը: Երկուստեք պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել:

Դեսպան Սմբատյանն այցելեց նաև տեղական միջին և խոշոր մի քանի ձեռնարկություններ, այդ թվում՝ «Hartmann» հայտնի բեռնափոխադրող ընկերություն, «Pister» ձեռնարկություն և այլն: Ընկերությունների ղեկավարների հետ դեսպանը քննարկեց տնտեսական համագործակցության հնարավոր ուղիները:

Աշոտ Սմբատյանը նաև Հայաստանի պատմության, մշակույթի և արտաքին քաղաքականության թեմայով ելույթով հանդես եկավ Մուգենշտուրմի քաղաքային սրահում: Ելույթներ ունեցան նաև Մուգենշտուրմի և Աբշտայնախի քաղաքապետերը: Միջոցառմանը ներկա էին մարզից ընտրված Բունդեսթագի պատգամավոր Գաբրիելե Կացմարեքը, տեղական կառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին դեսպանը գրառում կատարեց Մուգենշտուրմի Պատվավոր հյուրերի գրքում:

 

Տպել էջը