Եգիպտոսում ՀՀ դեսպանի հանդիպումը ԵԱՀ բարձրագույն կրթության նախարարի հետ
31 մարտի, 2019Մարտի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպեց ԵԱՀ բարձրագույն կրթության նախարար Խալիդ Ատեֆ Աբդել Ղաֆարին (Khalid Atef Abdel Ghafar)։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Գրիգորյանը բարձր գնահատեց Հայաստանի և Եգիպտոսի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությունը, ընդգծելով Կահիրեի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև ավանդական դարձած փոխգործակցությունը։ Միաժամանակ Կարեն Գրիգորյանը գոհունակությամբ նշեց, որ նախորդ տարի 10-ից ավելի եգիպտացի ուսանողներ ուսման նպատակով մեկնել են Հայաստան։
Նախարար Աբդել Ղաֆարն իր հերթին պատրաստակամություն հայտնեց համատեղ ջանքեր գործադրել առավել խորացնելու համագործակցությունը և հայ ուսանողների համար հնարավորություններ ստեղծելու Եգիպտոսում բուհական կրթություն ստանալու համար, ինչպես նաև՝ քայլեր ձեռնարկել Եգիպտոսի բուհերի կողմից տրամադրվող տարաբնույթ կրթաթոշակների մասին հայ ուսանողների և դիմորդների տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։