Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ

03 ապրիլի, 2019

Պաշտոնական այցելությամբ Եթովպիա մեկնած Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ապրիլի 3-ին հանդիպում ունեցավ Աֆրիկայի հարցերով ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջիովանի Բիհայի հետ։

Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների աշխուժացմանը և տարածաշրջանում Հայաստանի ներգրավվածության ընդլայնմանը, և այդ առումով Եթովպիա կատարած այցը լավ հնարավորություն է հեռահար ծրագրերն ուղենշելու առումով։ Այս գործընթացում նախարար Մնացականյանը կարևորեց նաև ՄԱԿ կողմից ընձեռնված տարբեր հարթակների կիրառումը:

ԱԳ նախարարի պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միության ներկայացուցիչ և «Իստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը ներկայացրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնայի կառավարման ոլորտում Հայաստանի փորձում՝ կարևորելով այդ ոլորտներում նաև աֆրիկյան երկրների հետ փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիցները հանգամանալից քննարկում ծավալեցին տարածաշրջանում թվային օրակարգի զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի մշակման և տվյալ ոլորտում Հայաստանում կիրառված լուծումները տեղայնացնելու հեռանկարների շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ՄԱԿ Տնտեսական հանձնաժողովի գործընկերներին ներկայացրեց այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները: 

 

 

Տպել էջը