Մեկնարկեց ԱԳ նախարարի այցը Ադիս Աբեբա. ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ
03 ապրիլի, 2019Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ:
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց Սահլե-Վորկ Զևդեին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց Եթովպիային նաև ՄԱԿ Անվտանգության Խորհրդում հաջող անդամակցության առիթով:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի խորացման և հարստացման հեռանկարների շուրջ։ Որպես առաջնային ուղղություն երկուստեք նշվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային օրակարգի շուրջ համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը։
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում Եթովպիայի հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք շեշտվեց նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:
Եթովպիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեցին Եթովպիայի թեև փոքրաթիվ, սակայն ակտիվ հայ համայնքի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ որպես ամուր կամուրջ և կապող օղակ երկու բարեկամ երկրների միջև:
Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է:
Նախարար Մնացականյանը կարևորեց Հայաստանի և Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնումը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» 1325 բանաձևի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը:
Եթովպիայի նախագահի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները: Զրուցակիցները համակարծիք էին, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: