Հայաստանի ԱԳ նախարարի և Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահի հանդիպումը

03 ապրիլի, 2019

Ապրիլի 3-ին պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Եթովպիայի Ժողովրդի ներկայացուցիչների պալատի նախագահ Տագեսսե Չաֆոյի հետ:

Երկուստեք ընդգծվեց հայ-եթովպական պատմական ամուր կապերը՝ որպես լավ հիմք երկկողմ հարաբերությունների առավել զարգացման և խորացման համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ հայկական կողմը հանձնառու է նոր լիցք հաղորդելու երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններին:

Զոհրաբ Մնացականյանը և Տագեսսե Չաֆոն ուղենշեցին երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ընդգծելով երկու երկրների  խորհդարանների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների միջոցով: Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչներն ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու լավագույն օղակն են:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ առանձնացվեցին բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և առևտրատնտեսական ոլորտները:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար:

 

Տպել էջը