Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կլայպեդայի քաղաքային գրադարանում

05 ապրիլի, 2019

Ապրիլի 5-ին Կլայպեդայի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Կլայպեդայի հայ համայնքի աջակցությամբ, նախաձեռնել և կազմակերպել էին Լիտվայում ՀՀ դեսպանությունն ու Կլայպեդայի հանրային գրադարանը:

Միջոցառմանը ներկա էր Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասը (Vytautas Grubliauskas), Կլայպեդայի համալսարանի ռեկտոր Արտուրաս Ռազբադաուսկասը (Artūras Razbadauskas), հանրային և մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Կլայպեդայի քաղաքապետ Վիտաուտաս Գրուբլյաուսկասը նշեց, որ ցուցահանդեսը մեծ իրադարձություն է քաղաքի մշակութային կյանքում, ինչը հնարավորություն է տալիս քաղաքի բնակիչներին ավելի մոտիկից ծանոթանալ Հայաստանի պատմությանը՝ համաշխարհային պատմության համատեքստում: Կլայպեդայի համալսարանի ռեկտոր Արտուրաս Ռազբադաուսկասը իր խոսքում ընդգծեց քարտեզների գիտական արժեքն ու կարևորությունը: Գրադարանի տնօրեն Յուոզաս Շիկշնյելիսը (Juozas Šikšnelis) իր ելույթում ասաց, որ նմանատիպ ցուցահանդեսները հարստացնում են գրադարանի մշակութային կյանքը և հույս հայտնեց, որ առաջիկայում նույնպես կլինեն նման բարձրակարգ միջոցառումներ:

Ցուցահանդեսի բացման խոսքում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր երախտագիտությունը հայտնեց գրադարանի տնօրինությանը քարտեզների ցուցադրության գաղափարը ողջունելու համար: Դեսպանը հավելեց, որ պրոֆեսոր Ռուբեն Գալիչյանի՝ աշխարհի տարբեր գրադարաններից 40 տարիների ընթացքում հավաքած քարտեզների հավաքածուն արդեն ցուցադրվել է բալթյան երեք երկրների տարբեր քաղաքների համալսարանական, ազգային և հանրային գրադարաններում, և չնայած դրան, հետաքրքրությունը ցուցահանդեսի նկատմամբ չի նվազում։

Ցուցահանդեսի պաշտոնական բացումից հետո տեղի ունեցավ ընդունելություն։ «Հայաստանը հնագույն քարտեզներում» ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ս.թ. մայիսի 3-ը։

Տպել էջը