Պլանային խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ պրոֆիլային վարչությունների միջև

18 ապրիլի, 2019

Ապրիլի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում անցկացվեցին արտակարգ իրավիճակներում փոխգործակցության հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների պրոֆիլային վարչությունների միջև պլանային խորհրդակցությունները:

Հայկական կողմից խորհրդակցություններին մասնակցում էր սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչությունը՝ վարչության պետ Արմեն Եդիգարյանի գլխավորությամբ, իսկ ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ ԱԳՆ իրավիճակային-ճգնաժամային կենտրոնի դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Տարաբրինը:

Խորհրդակցությունների օրակարգի շրջանակում քննարկվեցին ներկայումս աշխարհի տարբեր հատվածներում դիտվող առավել սուր ճգնաժամերը: Զրուցակիցները կիսեցին այն համոզմունքը, որ ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծումը պետք է ապահովվի բացառապես քաղաքական-դիվանագիտական կարգավորման ճանապարհով` հաշվի առնելով ներգրավված բոլոր կողմերի լեգիտիմ շահերը:

Ռուսաստանյան կողմը ներկայացրեց ճգնաժամային ու արտակարգ իրավիճակներին արձագանքման բնագավառում ՌԴ վերջին ձեռքբերումներն ու տեխնիկական մշակումները:

Քննարկվեցին նաև օտարերկրյա պետություններում ճգնաժամային և արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում օպերատիվ արձագանքմանը և այդ ուղղությամբ ՌԴ-ՀՀ երկկողմ փոխգործակցությանն ու համապատասխան կազմակերպչական աշխատանքների համակարգմանն առնչվող հարցեր: Որպես օրինակ` մատնանշվեց Եմենում քաղաքական ճգնաժամի ընթացքում 2017թ. դեկտեմբերին ՌԴ կողմից ընդհանուր առմամբ 72 անձանց տարհանումը, որոնց թվում, ՌԴ և Սերբիայի դեսպանությունների աշխատակիցներից զատ, կային նաև մի քանի հայ ընտանիքներ:

 

Տպել էջը