Հալեպում տեղի ունեցած ապրիլքսանչորսյան միջոցառումների մասին

23 ապրիլի, 2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում ապրիլի 23-ին Բերիո Հայոց թեմի, Բերիո թեմի Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև Սիրիայի Հայ ավետարանական համայնքների առաջնորդների բարձր հովանավորությամբ Հալեպի Զվարթնոց եկեղեցու սրահում տեղի ունեցավ հսկումի արարողություն:

Երեք համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներում անդրադարձ կատարվեց ցեղասպանության պատմական կողմերին, միջազգային ճանաչման գործընթացին` կոչ անելով մեկտեղել ջանքերն ու առավել ակտիվ և արդյունավետ աշխատանքներ տանել պատմական արդարությունը վերականգնման ուղղությամբ:

Ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ սուրբ պատարագ` նվիրված անմեղ նահատակների հիշատակին: Այնուհետև եկեղեցու բակում կայացավ ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին մասնակցեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը: Արարողությունից հետո, եկեղեցու ներքնասրահում, մեկնարկեց արյան տվչության ավանդական միջոցառումը` Ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրմամբ: 

Նույն օրը Հալեպի Եսայան սրահում մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը` հալեպահայ բոլոր ազգային կառույցների ղեկավարների, անդամների, ներկայացուցիչների, օտար հյուրերի մասնակցությամբ: Ելույթով հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը` երախտիքի խոսք փոխանցելով Սիրիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին` Հալեպում ապաստան գտած հայ գաղթականներին փրկության ձեռք մեկնելու համար:

Տպել էջը